Ցավալի է, որ Ռոբերտ Ուոլթերի միակողմանի և կանխակալ զեկույցի հիման վրա պատրաստած բանաձևի նախագիծը հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը «Արցախպրես»-ին տված իր մեկնաբանության մեջ:
«Մենք անընդունելի ենք համարում ԵԽԽՎ-ի զեկուցողի մոտեցումը, ով որպես հիմք է ընդունել հակամարտության միայն մեկ կողմի դիրքորոշումը և իրավիճակի անաչառ ու չեզոք գնահատականի փոխարեն զեկույցում ներկայացրել է ադրբեջանական քարոզչական թեզերը։
Նախաձեռնելով շփման գծում բռնությունների աճի վերաբերյալ զեկույցի պատրաստումը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները, մասնավորապես, արդարացնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների կիրառման առաջարկությունների մերժումն իր կողմից։
Մենք բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի փորձերը՝ ռազմաքաղաքական հարցերը մտցնել ԵԽԽՎ-ի օրակարգ, որը նման խնդիրների կարգավորման համար չի տիրապետում ո՛չ համապատասխան գործիքների, և ո՛չ փորձի, իրենց բնույթով պոպուլիստական և հակաարդյունավետ են։
Կասկածի տակ չառնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելման հարցում ԵԽԽՎ անկեղծ շահագրգռվածությունը՝ կարծում ենք, որ առավել արդյունավետ և կառուցողական ներդրումը կլիներ ԵԽԽՎ միացումը միջազգային հանրության շրջանում ձևավորված կոնսենսուսին՝ սատարելու շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-հայտարարել է Անի Սարգսյանը:
Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:
Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:
Ուոլթերը կազմել է զեկույցն առանց Լեռնային Ղարաբաղ այցելելու ու տեղում իրավիճակի ծանոթանալու: Ստեփանակերտը պահանջում էր հանել ԼՂՀ վերաբերյալ «գրավյալ տարածքներ» ձևակերպումը փաստաթղթի անվանումից ու բովանդակությունից, սակայն պահանջը մերժվեց: 2014 հոկտեմբերին հայկական պատվիրակությունը հայտարարել էր, որ կբոյկոտի զեկույցի շուրջ աշխատանքները, եթե այն շրջանառության մեջ դրվի նման տեսքով ու ձևակերպումներով:






