ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից: Այս մասին գրել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդը Twitter-ի իր միկրաբլոգում:
Դեսպանը նաև հայտնել է, որ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս են հայտնում: Այս գրառումը վերահրապարակել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։






