Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշել է չմասնակցել դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում անցկացվելիք սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝«որպես բողոքի և համերաշխության դրսևորում դեպի Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիան` թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»:
Ինչպես ասված է սամբոյի Միջազգային և Եվրոպական, Համառուսաստանյան ֆեդերացիաների նախագահներին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի հղած նամակում, համապատասխան որոշումը ֆեդերացիայի գործկոմը կայացրել է նոյեմբերի 28-ին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թուրքիայում անցկացվելիք մրցաշարին նույն պատճառով չմասնակցելու որոշում ավելի վաղ կայացրել էր Սամբոյի համառուսաստանյան ֆեդերացիան:
Առաջիկա ձմեռային դադարի ընթացքում Երևանի «Բանանցը» մարզական հավաքներ չի անցկացնելու Թուրքիայի տարածքում, ինչպես եղել է նախորդ տարիներին: Ներկայումս «Բանանցի» ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին:
Նոյեմբերի 27-ին ուսումնամարզական հավաքները Թուրքիայում անցկացնելու մտադրությունից հրաժարվել է Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակոծվել է ցամաքից:






