Ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերջին սրացումն ու ծանր տեխնիկայի օգտագործումն անթույլատրելի է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին՝ հերթական ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին, հայտնում է Tert.am-ը:
Նա ցավակցություն է հայտնել դրանց հետևանքով զոհվածների կամ վիրավորվածների ընտանիքներին ու հիշեցրել, որ նման հարձակումները չեն համապատասխանում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ստանձնած հանձնառություններին՝ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում։
«Կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է Քիրբին։
Նա նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ամիս հանդիպում կանցկացնեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Կողմերին կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել՝ բռնությունից խուսափելու և բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար»,- ասել է նա։
Դեկտեբերի 6-ից իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կտրուկ սրվել է: Դեկտեմբերի 9-ին հակառակորդն առաջին անգամ տանկի արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:
Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):
Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ սահմանային լարվածությունը հասել է գագաթնակետին: «Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում, չեն հասկանում, որ բանակցային գործընթացը հաջողությունների մեջ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ պետք է մշակենք»,- ասել է նա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Ադրբեջանական կողմից առաջին անգամ տանկից ՊԲ մարտական դիրքերի «արկակոծումն ահաբեկչություն է, ուրիշ որևէ կերպ դա որակել չի կարելի»:






