Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994-ին ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ։
Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է, հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր:
Դեկտեմբերի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (55 արկ), 82 (36 արկ) միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 (84 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (1 արկ), հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Գարիկ Ավանեսյանը:






