AM
17 Դեկտեմբեր 2015 - 07:51 AMT

Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը։

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բորուսսիան» 4:1 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ, Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ՝ հարձակման գծում աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով:

Մխիթարյանը ճանաչվել էր նաև Բունդեսլիգայի 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» 2:1 հաշվով հաղթել էր «Վոլֆսբուրգին», իսկ Մխիթարյանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:

Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների 54%-ը: 26-ամյա ֆուտբոլիստը տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում երկրորդ անգամ անընդմեջ, գրում է Sport.times.am-ը։

Մյուս հավակնորդները զգալիորեն զիջում են Մխիթարյանին.

• Վեդադ Իբիշևիչի («Հերտա») -18% • Նադիեմ Ամիրի («Հոֆենհայմ») – 10% • Շտեֆան Կիսլինգ («Բայեր») – 8% • Թիմո Հորն («Քյոլն») – 6% • Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 4%

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին» եւ դուրս եկել մրցաշարի հաջորդ փուլ:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը: Նա դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: