AM
21 Դեկտեմբեր 2015 - 13:00 AMT

Նալբանդյանի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Դեկտեմբերի 21-ին ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացավ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։

Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն տվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ հայտարարության նախագծին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։ Հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ մշտական գործող մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիային առնչվող հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 21-ին Կրեմլում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի նիստը վարում է Սերժ Սարգսյանը, քանի որ ներկայումս կազմակերպության նախագահողը Հայաստանն է: