Դեկտեմբերի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ:
Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Վլադիմիր Երմակովը, իսկ հայկական կողմից` ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը:
Կողմերը քննարկեցին միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության, փաստաթղթերի համահեղինակման առնչությամբ։ Պարբերաբար անցկացվող ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատեցին որպես կարևոր միջոցառում՝ դիրքորոշումների հստակեցման և համաձայնեցման առումով և ընդգծեցին շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 21-ին ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է նաև կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։
Նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի` 2015թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված մի շարք փաստաթղթերի նախագծերի։ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները համաձայնություն տվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ հայտարարության նախագծին։






