AM
24 Դեկտեմբեր 2015 - 14:48 AMT

Ռոստոմյան. Օլիմպիական ուղեգրերի թիվը 25-26-ի պետք է հասցնենք

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խոսել է տարվա ընթացքում կատարված աշխատանքների և 2016-ի անելիքների մասին.

«Մրցաշրջան-2015-ից գոհ լինել ադքան էլ չի կարելի: Տարին մեզ համար կարևոր էր օլիմպիական վարկանիշների տեսանկյունից, իհարկե նշանակություն ունեին նաև բարձրագույն նվաճումները: Արդեն ունենք 11 օլիմպիական ուղեգիր, 2016-ին այդ թիվը 25-26-ի հասցնելուց հետո կարող ենք ասել, որ գոհ ենք»:

Ռոստոմյանը նկատել է, որ հաջողություններ են գրանցվել մարմնամարզությունում, գրում է Armsport.am-ը:

«Դա շատերի համար անսպասելի էր, իսկ մեզ համար սպասելի: 2016-ին կկայանա Օլիմպիադան. ծանրամարտի և մարմնամարզության ֆեդերացիաների հետ արդեն քննարկել ենք Ռիո-2016-ի լրացուցիչ հարցերը: Երեկ հաստատել ենք տվյալ մարզաձևերի Ռիոյի խաղերի համար օրացույցային պլանը: Այս տարի համագործակցության կարևոր ծրագրերի հիմք ենք դրել Իտալիայի և Ֆրանսիայի հետ», – ասել է նա:

Միաժամանակ Ռոստոմյանը նշել է, որ չեն արդարացել սպասելիքները բռնցքամարտից:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ իրենք ձգտելու են ձեռք բերել Օլիմպիադայի բոլոր 6 ուղեգիրը, սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Իսկ ավելի ստույգ՝ 4-5 հոգով մասնակցելը շատ իրական է: