Իսպանիայում «Ռոկետաս-դե Մար» շախմատային մրցաշարն որքան մոտենում է ավարտին, այնքան հաղթողի գլխավոր հավակնորդների թիվը կրճատվում է:
Հունվարի 5-ին, 7-րդ տուրում, թեև Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը սևերով պարտվել է չինաստանցի կանանց գրոսմայստեր Լեյ Տինցզեին, սակայն 6,0 միավորով Տինցզեի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, գրում է Aravot.am-ը:
Չորս շախմատիստ, որոնց թվում է Գրիգորյանի հունվարի 6-ի մրցակից, մոլդովացի գրոսմայստեր Դմիտրի Սվետուշկինը, առաջատարներից ետ են մնում կես միավորով:
Կարեն Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1995-ի փետրվարի 25, Երևանում: Հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013): Հայաստանի 2015-ի չեմպիոն, ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։
Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.
-արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ
Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր.
-թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2010 -թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2011 -2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։
2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։






