Շախմատի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Ռոկետաս դե Մար» շախմատային փառատոնի եզրափակիչ տուրում միավորը բաժանելով իսպանացի գրոսմայստեր Մարկ Նարցիսոյի հետ՝ մրցաշարի արդյունքներով հավաքել է 7,5 միավոր ու դարձել միանձնյա հաղթող:
Գրիգորյանից կես միավոր պակաս վաստակել է կանանց գրոսմայստեր Լեյ Տինցզեն (Չինաստան) և Նարցիսոն, գրում է Aravot.am-ը:
Կարեն Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1995-ի փետրվարի 25, Երևանում: Հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013): Հայաստանի 2015-ի չեմպիոն, ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։
Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.
-արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ
Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր.
-թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2010 -թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2011 -2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։
2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։






