AM
11 Հունվար 2016 - 14:56 AMT

Մոսկովյան պատրիարքարանը Կիրիլի խոսքերի մասին. Ռուս եկեղեցու դիրքորոշումը Ցեղասպանության հարցում անփոփոխ է

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդավար Դմիտրի Կիսելյովին Սուրբ ծննդյան կապակցությամբ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքի դրությանը: Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարություններից մեկը Հայաստանում տարակուսանք է առաջացրել: Խոսելով քրիստոնյա համայնքների պատմության մասին, Կիրիլը, մասնավորապես, հայտարարել է, որ մահմեդականները երբեք չէին կոտորում քրիստոնյաներին՝ չնայած իրենց համար ստեղծված անհավասար պայմաններին, ու հավելել է. «Վերցնենք, որպես օրինակ, Օսմանյան կայսրությունը: Այո, այնտեղ կային քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց չէին ոչնչացրել, քանի որ համայնքների փոխհարաբերություններում որոշակի դրվածք կար»:

Ավելի ուշ Համայն Ռուսիո պատրիարքի մամլո խոսնակ Ալեքսանդր քահանա Վոլկովը հանդես է եկել հարցազրույցի տվյալ հատվածի մեկնաբանությամբ: Նրա խոսքով, Կիրիլ պատրիարքը որպես օրինակ է բերել Օսմանյան կայսրությունը, որի պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ գործող կարգերն ապահովում էին կրոնական փոքրամասնությունների համեմատական անվտանգությունն ու կյանքի կայունությունը: «Նման կարգի բացակայությունը մշտապես՝ թե Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, թե այսօրվա Սիրիայում, Իրաքում, Լիբիայում հանգեցնում է իրավիճակի ողբերգական զարգացման: Այդ իսկ պատճառով էլ մենք ամանակակից իրադարձությունները ցեղասպանություն ենք անվանում», – ասել է Վոլկովը:

Նա նշել է, որ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս արտահայտվել է պաշտոնական հայտարարություններով, պատրիարքի ելույթներում, ինչի վառ ապացույցն է, մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը:

«Ռուս եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է մնում, մենք հրապարակայնորեն պնդել և պնդելու ենք այն միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում», – մեջբերում է Վոլկովի խոսքերը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: