Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում վերստին սկսել են հայերեն ուսումնասիրել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» գործակալությունը, այսօր համալսարանում կայացել է կովկասագիտության բաժանմունքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսը, ինչպես նաեւ հարավկովկասյան երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Շնորհանդեսի շրջանակներում բացվել է «Կովկասի հրաշալիքներ» լուսանկարչական ցուցահանդեսը, որը ներկայացնում է Վրաստանի եւ Հայաստանի պատմական տեսարժան վայրերը պատկերող ավելի քան 50 աշխատանք: Ս.Պետերբուրգի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Իվան Ստեբլին-Կամենսկու խոսքերով, 1818 թվականին բուհում ստեղծվել էին դասընթացներ, որոնց ընթացքում դասավանդվում էր հայերեն, իսկ 1844 թվականին Նիկոլայ I կայսեր հրամանով համալսարանում բացվեց կովկասյան բանասիրության ամբիոն, որը փակվեց 20-րդ դարի 50-ական թվականներին: Այս տարի կովկասագիտության բաժանմունք է ընդունվել վեց ուսանող, որոնք ի թիվս այլ կովկասյան ժողովուրդների լեզուների կուսումնասիրեն նաեւ հայերեն, ինչպես նաեւ այդ ժողովուրդների պատմությունն ու ազգագրությունը: