AM
16 November 2002 - 14:32 AMT

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՒՄԲ

Ֆրանսիայի խորհրդարանում կստեղծվի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի ուսումնասիրման խումբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Ռուդի Սալսը` այցով Ֆրանսիայում գտնվող ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ: Նախատեսվում է, որ ստեղծվող խումբը կներկայացնի Ֆրանսիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ անկանխակալ եւ իրականությանը համապատասխան տեղեկատվություն: Նշենք, որ ԼՂ նախագահը գտնվում է Փարիզում` նոյեմբերի 17-ին կայանալիք ֆոնոտոնին մասնակցելու համար, որը տեղի կունենա Լեռնային Ղարաբաղում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով: