Դորտմունդի Բորուսիայի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2015-2016թթ. մրցաշրջանում Եվրոպայի առավելագույն գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Bundesliga.com-ը:
Մխիթարյանը մասնակցել է 34 հանդիպման և կատարել 18 գոլային փոխանցում, գրում է Newsarmenia.am-ը: Նա իր հետևում է թողել Արսենալի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլին և Բարսելոնայի հարձակվող Նեյմարին:
Հունվարի 25-ի դրությամբ Հենրիխ Մխիթարյանն արդեն ճանաչվել էր Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստ: Իսկ փետրվարի 15-ին հայտնի է դարձել, որ Transfermarkt.de-ն բարձարացրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ավելացրել է 6 մլն եվրոյով` հասցնելով այն 28 մլն եվրոյի: Սա ռեկորդային ցուցանիշ է 27-ամյա ֆուտբոլիստի կարիերայում:
Հունվարի 11-ին Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։
«Ամբիցիոզ եմ, ցանկանում եմ հասնել լուրջ արդյունքների։ Ֆուտբոլիստի կարիերան կարճատև է, այդ պատճառով ցանկանում եմ հասնել առավելագույնի։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել։ «Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Իհարկե, այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»,- ասել է Մխիթարյանը:
Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»: ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանի տեղափոխվելու հնարավորությունները:
Միաժամանակ, Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մամուլի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել երեք ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանին, Մատս Հումելսին և Իլկայ Գյունդողանին:
Դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:






