Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ ու գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը մեկնելու են Ցյուրիխ, որտեղ փետրվարի 25-ին և 26-ին կմասնակցեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսներին:
ՖԻՖԱ-ի կոնգրեսի բազմաթիվ օրակարգային հարցերից մեկը կլինի ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները:
2016-ի հունվարի 22-ին Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահներ և գործադիր տնօրեններ, ի թիվս այլ հարցերի լսվել և քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրված ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»):
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը») ներկայացրել է ՀՖՖ գործադիր կոմիտեին: Ընտրական ծրագիրը, որում ամփոփված են ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Ջիանի Ինֆանտինոյի գործողությունների ծրագրային դրույթները ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, ֆուտբոլային բազմատեսակ շահերից բխող նոր քայլ է համաշխարհային ֆուտբոլում, նաև Եվրոպական ֆուտբոլի զարգացման ճանապարհին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, գնահատելով ներկայացված ծրագրի կարևորությունը ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, իր պաշտպանությունն է հայտնել Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում և կսատարի վերջինիս՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը և Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Միշել Պլատինին 8 տարով հեռացվեցին ֆուտբոլային գործունեությունից: Պլատինին նաև տուգանվել է 80 հազար շվեյցարական ֆրանկով: Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հետաքննության շրջանակում որոշել էր հեռացնել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և Պլատինիին զբաղեցրած պաշտոններից և ցանկացած ֆուտբոլային գործունեությունից 90 օրով` որակազրկումը երկարացնելու հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան 45 օրով: Բլատերին կասկածում էին 2011-ին ապօրինաբար 2 մլն շվեյցարական ֆրանկ Պլատինիին փոխանցելու մեջ` իբր 1999-2002-ին կատարած աշխատանքի դիմաց:






