AM
14 November 2002 - 14:44 AMT

ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՄԱՆ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ

Արդեն երկրորդ անգամ հետաձգվում է դատական լսումը Կրասնոդարի Սլավոնական գերեզմանոցում հայկական գերեզմանների ավերման փաստի առնչությամբ: Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, առաջին անգամ լսումները հետաձգվել էին մեղադրյալներից մեկի դատահոգեբանական փորձաքննության անցկացման համար, իսկ այս անգամ` փաստաբանի բացակայության պատճառով: Մեղադրյալի աթոռին են ինը երիտասարդներ,որոնց մեղադրանք է ներկայացվել դիակները եւ գերեզմանները անարգելու համար: Նրանցից յոթը ստորագրություն են տվել քաղաքից չբացակայելու վերաբերյալ, իսկ երկուսը գտնվում են քննչական մեկուսարանում: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի գիշերը մի խումբ անչափահասներ ավերել են ավելի քան 30 գերեզմանների պատվանդաններն ու գերեզմանաքարերը, որոնց ճնշող մեծամասնությունը պատկանել է ծագումով հայ քաղաքացիների: