Փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:
Որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կդառնա տարբեր ծրագրերի և համաձայնագրերի իրականացման համար, որոնք կնպաստեն քաղաքների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում գործակցության հաստատմանը։
Նախատեսվում է նաև քաղաքների միջև տեղեկատվության փոխանակում մշակույթի, զբոսաշրջության, սպորտի բնագավառներում։
Որոշման նախագիծը ներկայացվել է ավագանու անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։
Ֆրանկու դա Ռոշա համայնքը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում, ունի մոտ 145.000 բնակիչ։
Ստեփանակերտը մինչ օրս 4 քույր-քաղաք ուներ. Մոնթեբելլո (ԱՄՆ),Սուխում(Աբխազիա),Երևան,Սան Սեբաստիան (Իսպանիա):






