ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է ապրիլի վերջին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան և Ադրբեջան այցելել, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել աղբյուրը համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում:
«Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, բայց ուղևորությունը տեղի կունենա ՄԱԿ-ում Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը: Փաստաթուղթը ստորագրվելու է ապրիլի 22-ին:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել առաջիկա այցի մասին տեղեկությունը: «Մենք չենք կարող դա հաստատել, սակայն, հուսով եմ, որ շուտով ասելիք կունենանք դրա վերաբերյալ»,-ասել է նա` պատասխանելով հարցին:
Մարտի 11-ին Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալքալիանին հայտարարեց է, որ Պան Գի Մունը մտադիր է պաշտոնական այցով ժամանել Վրաստան: «Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է այդ այցի նախապատրաստման ուղղությամբ, կոնկրետ օրը հայտնի կդառնա առաջիկայում»,-ասել է նա լրագրողներին:
Պան Գի Մունն այցելել է Վրաստան 2007-ի հունիսին` կարճ կանգառ անելով Թբիլիսիում Աֆղանստանից Եվրոպա ճանապարհին: Նա հանդիպել է այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:






