AM
9 Ապրիլ 2016 - 11:02 AMT

Մեդվեդևը չի բացառում թուրքական գործոնի ազդեցությունը Ղարաբաղում իրավիճակի վրա

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում արտաքին ազդեցությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա և թույլ է տվել «թուրքական գործոնի» առկայությունը: Ըստ նրա, կան ուժեր, որոնք հետևում են ղարաբաղյան հակամարտության հետևանքներին և դրա ազդեցությանը Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա և հակառակը:

«Ուստի ես չեմ բացառում, որ կան գործոններ, որոնք դրսից ազդում են այդ հակամարտության վրա: Այ դուք նշեցիք թուրքական գործոնը: Հավանաբար, այդ թուրքական գործոնը կա` թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը»,-ասել է Մեդվեդևը «Վեստի վ սուբոտու» հաղորդման եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ղարաբաղյան հակամարտության հենց սկզբից Ադրբեջանի կողքին է եղել և կշարունակի դա անել»: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի ուշ պարզաբանել էր, որ այն, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին, չի նշանակում, որ Անկարակն դրդում է Բաքվին պատերազմի:

Ըստ ՌԴ վարչապետի Անկարայից հնչող հայտարարությունները չեն կարող չմտահոգել: «Հանդարտվելու կոչ անելու, նորից բանակցությունների սեղանի մոտ վերադառնալու կոչերի փոխարեն որոշակի գնահատակններ տրվեցին: Ի՞նչ նպատակով` կրակի վրա յուղ լցնելո՞ւ»,-ասել է նա:

Ընդ որում, նա համարում է, որ ավելի լավ է պահպանել հակամարտությունը սառեցված վիճակում, քան փորձել այն հանգուցալուծել մարդկային կյանքերի գնով: «Ավելի լավ է պահպանվի այն իրավիճակը, որ կա, քան արյուն հեղվի»,-ասել է Մեդվեդևը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում, ապա, ըստ ՌԴ վարչապետի, այն հետևյալն է. «Ոչ մի դեպքում թույլ չտալ սրացում, ինչ էլ պատահի, ով էլ սկսած լինի, ինչ դատողություններ էլ լինեն` հիմա գլխավորը հանդարտվելն է, կրակը դադարեցնելը, հրադադար հայտարարելը և բանակացությունների սեղանի մոտ նստելը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են:: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով