AM
13 Ապրիլ 2016 - 08:10 AMT

ԶԼՄ. Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին նախագիծը կքննարկվի հունիսին

Նախանշվել են ժամկետները, երբ Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի «1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն Ճանաչելու մասին» նախագիծը։ Քննարկումը նախատեսված է անցկացնել 2016-ի հունիսին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը:

Օրինագծի մասին խոսել է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, նշելով, որ իրենք ցանկանում էին, որ այդ նախագիծը շատ ավելի շուտ բերվի Բունդեսթագ։

Օզդեմիրն ասել է. «Ժամկետներից ավելի կարևորն այն է, որ բոլոր կուսակցությունները մեկ դիրքորոշում ունենան։ Վերջիվերջո Բունդեսթագում պարզ և հստակ ձևակերպումներ կօգտագործվեն։ Այո, Օսմանյան կայսրություն օրոք մեղքը որ գործվել է հայերի հանդեպ, կոչվում է ցեղասպանություն։ Դեռ ավելին, այդտեղ գերմանացիներն էլ պատասխանատվության իրենց բաժինն ունեն։ Հետ ճանապարհ այլևս չկա», «Հաբերլեր»-ին հղումով գրում է Aravot.am-ը։

Հայոց ցեղասպանության մասին նախագծի քննարկումը ավելի վաղ նախատեսվում էր Բունդեսթագ ներկայացնել 2015-ի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 101-ամյակի օրերին։

Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 21-ին ՔԴԴ/ՔՍԴ խմբակցությունների նիստի ընթացքում հայտնել էր, որ աջակցում է այն դիրքորոշմանը, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանումների առնչությամբ կարելի է կիրառել ցեղասպանություն տերմինը: Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը մտավախություն էր հայտնել, որ Բեռլինի կողմից այդ տերմինի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացի վրա: