Թուրքիայի Մեջլիսի հայազգի անդամ Կարո Փայլանը խորհրդարան է տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավոր, որոնք սպանվել են Ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները:
Այդ մասին Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ սպանությունից 101 տարի հետո նրանք վերադարձան խորհրդարան, հայտնում է «Արևելքը»:
Մեջլիսի կողմից հրապարակված տեսանյութում երևում են հայ պատգամավորի ակցիայի մանրամասները, իսկ վերջում Կարո Փայլանը հայերենով ասում է «Աստված անոնց հոգին լուսավորե»:
Մարտի 6-ին Կարո Փայլանի պահանջով Թուրքիայի խորհրդարանն ընդհատել էր աշխատանքը: Ինչպես գրում է թուրքական Milliyet-ը, Փայլանը հայտարարել էր, որ սովորաբար խորհրդարանում ընդմիջում է հայտարարվում ուրբաթօրյա նամազի համար, ուստի նա պահանջել է ընդմիջում հայտարարել նաև եկեղեցու կիրակնօրյա այցելության համար: Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահն ընդունել է հայազգի պատգամավորի պահանջն ու 40 րոպեով ընդհատել է խորհրդարանի աշխատանքը` հնարավորություն տալով նրան եկեղեցի այցելել: Կարո Փայլանն, իր հերթին օգտվել է ընդմիջումից և եկեղեցի է գնացել, որը գտվում է խորհրդարանի հարևանությամբ:
Թուրքիայում 2015-ի նոյեմբերի 1-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Կարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:






