ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մայիսի 16-ին Վիեննայում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվ այս ուղերձը ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից վաղը ներկայացվելու է երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին», – ասաց Սվիտալսկին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ միասին:






