AM
18 Մայիս 2016 - 06:12 AMT

Իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է եղել

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով:

Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների նախագահների հանդիպման ընթացքում, ինչի արդյունքում հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը: