AM
18 Մայիս 2016 - 06:25 AMT

ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում կանցկացնի Մարտակերտի արևելյան ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Մարտակերտի արևելյան ուղղությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: