AM
6 Հուլիս 2016 - 07:36 AMT

ՀՀ-ում Լիտվայի դեսպան. ՀՀ-ԵՄ փաստաթղթի շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցել

Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր փաստաթղթի շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցել: Այս մասին ասել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

2013-ի սեպտեմբերի 3-ից հետո որոշակի անորոշություն մտավ Հայաստան-ԵՄ հարաբերություններում, երբ ԵՄ Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ ՀՀ նախագահի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Որոշ ժամանակ անց Հայաստան-ԵՄ համագործակցության ձևաչափը վերամեկնարկեց, իսկ 2015-ի դեկտեմբերի 7-ից սկսվեցին Հայաստան-ԵՄ բանակցությունները` նոր իրավական բազայի շուրջ:

«Մենք այս պահին լավ բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ՝ համագործակցության նոր փաստաթղթի շուրջ: Բավական արագ պրոգրես ենք գրանցում այս քննարկումների ընթացքում: Ինչպես մենք լսել ենք ԵՄ պատվիրակությունից, հատուկ ներկայացուցիչներից, շատ դրական արդյունքներ կան, ուստի սպասում ենք, որ փաստաթուղթը ստորագրվի որքան հնարավոր է շուտ»,- նշել է դեսպանը, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե ինչ նկատի ուներ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ հայտարարելով, որ բանակցություններում կան որոշակի դժվարություններ, Պետրիկասը պատասխանել է. «Ամեն անգամ, երբ քննարկումներ են ընթանում, որոշ դժվարություններ են լինում բանակցություններում, և դա նորմալ գործընթաց է, Հայաստանի հետ կապված էլ ոչ մի նոր բան չկա»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին հայտարարել է, որ բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ: Նախագահը հույս է հայտնել, որ «ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, ինչն է՛լ ավելի կխթանի մեր համագործակցությունը»: