AM
8 Հուլիս 2016 - 07:14 AMT

Սիրիական բանակը փակել է Հալեպում ապստամբների մատակարարման ուղիները

Սիրիական բանակը հայտնել է, որ հսկողություն է հաստատել Հալեպի հյուսիսում` Քասթիլո ճանապարհին, որը միակ ուղին էր, որը կապում էր ապստամբների կողմից վերահսկվող Հալեպի այդ հատվածն արտաքին աշխարհի հետ:

Նախկինում Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հայտնել էր, որ կառավարական ուժերը մի կիլոմետրի հեռավորության վրա են Քասթիլոյից, որի փակումը կնշանակի, որ ապստամբները Հալեպում հայտնվել են շրջափակման մեջ: Եթե ճանապարհը փակվի, աշխարհից կտրված կմնա մոտ 250.000 մարդ, որոնք ապրում են ապստամբների կողմից վերահսկվող Հալեպի շրջաններում:

Ապստամբների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ ավիահարվածների և գնդակոծությունների պատճառով երթևեկությունն այդ ճանապարհով գրեթե դադարեցված է:

Քասթիլո ճանապարհի համար թեժ մարտերը սկսվեցին այն բանից հետո, երբ հուլիսի 6-ին սիրիական բանակը հայտարարեց առաջիկա 72 ժամում կրակի միակողմանի դադարեցման մասին: Ըստ սիրիացի զինվորականների, ոչ բոլորը հավանություն տվեցին հրադադարին, հայտնում է BBC-ին:

Հալեպը, որը նախկինում Սիրիայի գործարար և առևտրի կենտրոնն էր, երկու մասի է բաժանվել` արևելյան մասը վերահսկում են ապստամբները, իսկ արևմտյան մասը` կառավարական ուժերը:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International (AI)-ի զեկույցում ասվում է, որ Հալեպի և Իդլիբի շրջանում գործող զինյալ խմբավորումները ռազմական հանցագործություններ են կատարում: Ըստ իրավապաշտպանների, ապստամբներն առևանգում, խոշտանգում և սպանում են խաղաղ բնակիչներին:

Սիրիայի ապստամբ խմբավորումները զինված պայքար են մղում Սիրիայի օրինական կառավարության դեմ: Գրոհայինները հիմնականում սուննի արաբներ են, սակայն նրանց են միացել նաև քրդերից, սիրիացի թուրքմեններից, պաղեստինցիներից, լիբիացիներից բաղկացած խմբեր: Զինյալ խմբավորումների անդամներ են նաև գրոհայինները Լիբանանից, Թունիսից, Սաուդյան Արաբիայից, այլ երկրներից: