AM
13 Հուլիս 2016 - 05:58 AMT

Իտալիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

Իտալիայի հարավում 2 մարդատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, 50 մարդ վիրավորվել է: «Աղետի զոհերի թիվը հասավ 27-ի` փրկարարներին հաջողվեց մետաղի կույտի տակից ևս 2 դի դուրս բերել»,-հայտնել է RaiNews 24-ը:

Հուլիսի 12-ին Իտալիայի հարավում` Ապուլիա շրջանի Անդրիա քաղաքի մոտ 11:00-ի և 11:30-ի ժամանակահատվածում երկու գնացք է բախվել: 3 վագոն ամբողջությամբ շարքից դուրս է եկել:

Իտալական ԶԼՄ-ները 2 հնարավոր պատճառ են տեսնում`մարդկային գործոնը կամ խնդիրները երկաթուղային գնացքների երթևեկությունը կանոնակարգող համակարգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:

ՀՀ նախագահը զորակցության և սփոփանքի խոսք է հղել նախագահ Մատարելլային, տուժածների ընտանիքներին և Իտալիայի բարեկամ ժողովրդին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: