AM
13 Հուլիս 2016 - 08:21 AMT

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մոտ 6 տարի կտևի

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը մոտ 6 տարի կտևի, երկկողմ առևտրային գործարքների կնքումն այդ ընթացքում կարող է դժվարանալ: Այդպիսի կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը:

«Եթե ապագայում Մեծ Բրիտանիայի և ԵՄ 27 անդամի միջև պայմանագիրը հայտնվի խառը իրավասության ներքո, հարկ կլինի, որ այն վավերացնեն բոլոր անդամ երկրների խորհրդարանները: Կարծում եմ, որ ամենասեղմ ժամկետը, որի ընթացքում դա հնարավոր կլինի անել, 4 տարին է, հաշվի առնելով բանակցությունների համար անհրաժեշտ ժամանակը»,-ասել է նա` ելույթ ունենալով համայնքների պալատում:

Նախարարը պարզաբանել է, որ ևս 2 տարի կպահանջվի Բրյուսելի հետ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ բանակցությունների համար: Ուստի, ըստ Համմոնդի, ընդհանուր առմամբ, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը մոտ 6 տարի կտևի: Նա նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիան կարող է բարդություններ ունենալ երկկողմ համաձայնագրեր կնքելիս:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

Ընթերցեք նաև.Թերեզա Մեյը ստանձնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը