Սիրիայի տարածքում ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած թուրքական կործանիչի օդաչուն պետական հեղաշրջման մասնակիցների թվում էր: Այդ մասին հայտարարել է թուրքական հեռուստատեսության եթերում Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոկչեյը, հայտնում է ՌԲԿ-ն Cumhuriyet-ի վրա հղումով:
Թուրքական կործանիչը խոցեց ռուսական ինքնաթիռը 2015-ի սեպտեմբերի 24-ին: Միջադեպի արդյունքում զոհվեց ռուս օդաչու Օլեգ Պեշկովը, որը հասցրել էր կատապուլտի միջոցով լքել ինքնաթիռը, սակայն նրան գնդակահարել էին ցամաքում:
Անկարայի քաղաքապետը նշել է, որ ԶՈւ շարքերում գործող «զուգահեռ կառույցն» է պատասխանատու ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման համար: Ըստ Գյոկչեյի, դա հայտնի էր 100 տոկոս հավաստիությամբ, սակայն Թուրքիայի իշխանությունները ձեռնպահ էին մնում այդ տեղեկությունը հրապարակելուց:
Անկարայի քաղաքապետը պատմել է, որ նախօրեին զրուցել է այդ մասին Պուտինի խորհրդականի հետ, որը համամիտ է եղել նրա հետ:
Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:
Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:






