AM
22 Հուլիս 2016 - 09:19 AMT

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Ֆրանսիայի դեմ հայ երեխային հատուկ պահման կենտրոնում մեկուսացնելու գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Ֆրանսիայի դեմ՝ կապված ներգաղթյալների կողմից ապաստանի դիմումի ուսումնասիրության ընթացքում մանկահասակ երեխաներին հատուկ կենտրոններում վերահսկողությանն տակ օրեր շարունակ պահելու պրակտիկայի հետ, հայտնում է Nouvelles d'Arménie-ն:

ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ եզրակացրել է, որ երեխաներին ծնողների հետ միասին նման պայմաններում մեկուսացնելու քաղաքականությունը համադրելի է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հետ, հետևաբար հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին:

Վճիռն ընդունվել է նմանատիպ մի շարք դեպքերի գործով Ֆրանսիայի դեմ ուղղված հայցերի հիման վրա, որոնցից հինգի դեպքում երեխաներն առավել փոքրահասակ էին: Մասնավորապես, դեպքերից մեկն առնչվում է 4-ամյա մի հայ երեխայի (Դատարանի վճռում երեխայի և ծնողների անունները չեն նշվում), որը 2012 թ. 18 օր ծնողների հետ միասին մնացել է Տուլուզ քաղաքի ժամանակավոր պահման վարչական կենտրոնում: Նույն տարում նմանատիպ դեպք է գրանցվել նաև երկուսուկես տարեկան երկու չեչեն աղջիկներ հետ, որոնց նման կենտրոնում պահել են 8 օր: Մեկ այլ դեպք դարձյալ կապված է մանկահասակ (7- և 15-ամսական) չեչեն երեխաների, հինգերորդ դեպքը՝ 4-ամյա ռումինացի երեխայի պահման հետ:

Վճռում սահմանված է, որ Ֆրանսիայի արդարադատության համակարգը պարտավոր է քննել նման դեպքերում ընտանիքների պահման նվազ հարկադրական եղանակների ներդրման հնարավորությունը: Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությունը պարտավորվել է դիմումատու ընտանիքներին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել 1500-9000 եվրո: Ֆրանսիայի մի շարք իրավապաշտպաններ ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվով կազմակերպություններ ողջունել են ՄԻԵԴ վճիռը: