Օգոստոսի 12-ի ուշ երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել է «Հանրապետական այլընտրանք» (ReAl) հասարակական շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին: Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով կալանքը։
Ջաֆարլիի փաստաբան Ջավադ Ջավադովը հայտնել է, որ հայտնի տնտեսագետ, հասարակական գործիչ Ջաֆարլիի ձերբակալության պատճառը վերջինիս հասարակական-քաղաքական գործունեությունն է, ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:
Ջաֆարլիին ներկայացվել են «ապօրինի ձեռնարկատիրություն» և «ծառայողական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է լուրջ հետևանքների, կամ ունեցել է ընտրությունների արդյունքների կամ հանրաքվեի վրա ազդելու նպատակ» հոդվածներով մեղադրանքներ: Թե այս մեղադրանքների հիման վրա կոնկրետ ինչ գործողություններ են իրականացվել՝ դեռ հայտնի չէ:
Ըստ փաստաբանի՝ նրա կալանքի համար որևէ իրավական հիմք չկա: Իր հերթին, իրավաբան Ալեսքեր Մամեդլին նշել է, որ միանգամից 4 ամսով կալանք կիրառվում է ծանր հանցագործություններ իրականացնելու դեպքում՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցներ կիրառվել են նաև լրագրող Խադիջա Իսմայիլովայի, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի և «Ոչ կառավարական կազմակերպությունների գործի» շրջանակներոմ այլ անձանց նկատմամբ:
Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:






