Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը մասնակցել է ամեն տարի օգոստոսին Հունաստանում նշվող Սբ Աստվածածնի տոնի կապակցությամբ կազմակերպված կրոնական արարողություններին և միջոցառումներին, որոնցից մեկի ընթացքում ուշագրավ հայտարարություններ է արել, հայտնում է Tert.am-ը թուրքական demokrathaber.org կայքի վրա հղումով:
Հունաստանի նախագահը, մասնավորապես, խստորեն քննադատել է թուրքական իշխանություններին, որոնք թույլ չեն տվել Տրապիզոնի հունական Սումելա վանքում տոնի կապակցությամբ պատարագ մատուցել:
Տրապիզոնի հունական Սումելա վանքում վերանորոգումից հետո, 2010-ից սկսած ամեն տարի օգոստոս ամսին Սբ Աստվածածնի տոնի կապակցությամբ հույն հոգևորականները պատարագ են մատուցել:
Նախագահ Պավլոպուլոսն անդրադարձել է նաև Պոնտոսի հույների ցեղասպանությանը՝ նշելով, որ 1914-1923թթ. մոտ 370.000 պոնտոսցի հույն ցեղասպանության է ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից: 1994թ.-ին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների դեմ իրականացված գործողությունները որպես ցեղասպանություն և ամեն տարի մայիսի 19-ին հիշատակում է ցեղասպանության զոհերին:
Պավլոպուլոսն այս առնչությամբ ասել է. «Մինչև Թուրքիան պաշտոնապես չճանաչի ցեղասպանությունը և ցեղասպանության զոհերի թոռներից ներողություն չխնդրի, մեր ազգը շարունակելու է պայքարը»:
Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը, երբ Պոնտոսի սևծովյա առափնյա տարածաշրջանից բանակ զորակոչված հույները կոտորվեցին երիտթուրքերի կողմից: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: 2015-ի մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ճանաչել է հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։
Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:
Հունաստանի հանրությունը և ՌԴ-ում բնակվող հույները 2015-ի նոյեմբերին դիմել են Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Թուրքիայի կողմից իրագործված Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Խնդրագիրը հրապարակվել է համապատասխան Change.org առցանց հարթակում և հասցեագրված է ՌԴ նախագահին, Պետդումային և Դաշնության խորհրդին:






