Forbes-ի ռուսական խմբագրությունը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, որտեղ 6-րդ հորիզոնականում են հայտնվել Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները:
Հայ գործարարների ընդհանուր կարողությունը գնահատվում է $1.4 մլրդ: Սարկիսով եղբայրներին է պատկանում «Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի ավելի քան 60 տոկոսը: Նրանց կարողության զգալի մաս է կազմում արտերկրում գտվող անշարժ գույքը` հող Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, Առևտրա-արդյունաբերական պալատի շենքը Փարիզում, առանձնատուն Լոնդոնում, անշարժ գույք Ֆրանսիայում և Վիլնյուսում:
Forbes-ի ցուցակը գլխավորում է ԲԻՆ խմբի հիմնադիր Միխայիլ Գուցերիևը. նրա կարողությունը գնահատվում է $9,8 մլրդ և մեկ տարում ավելացել է 2,5 անգամ: Երկրորդ հորիզոնականում է Արկադի Ռոտենբերգի ընտանիքը` $2,8 մլրդ, նույնքան գումար են վաստակել եղբայրներ Ալեքսեյ և Դմիտրի Անանևները:
Չորրորդ տեղում է Նիկոլայ Շամալովի ընտանիքը` $2,4 մլրդ, հինգերորդում` Ռադիկ և Այրատ Շայմիևները` $1,7 մլրդ:
Forbes-ն արդեն երրորդ անգամ է կազմում Ռուսաստանի ամենահաջողակ ձեռնարկատեր ընտանիքների վարկանիշը` գնահատելով նրանց պատկանող բիզնեսը մի մեթոդաբանությամբ, որը կիրառվում է միլիարդատերերի ցուցակները կազմելիս: 2015-ի համեմատ 2016-ին առաջին տասնյակում ընդգրկված ընտանիքների ընդհանուր կարողությունն աճել է գրեթե 40 տոկոսով`$18 միլիարդից հասնելով $25 մլրդ:






