AM
2 Սեպտեմբեր 2016 - 09:53 AMT

Փոխհրաձգություն Թուրքիայում. 1 զինվորական է զոհվել և ՔԱԿ 20 զինյալ

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Թուրքիայի հարավարևելյան Հաքքյարի գավառի Չուքուրջի շրջանում, որի հետևանքով 1 թուրք զինծառայող է զոհվել և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 20 զինյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ըստ ռազմական աղբյուրների, վիրավորվել է 6 թուրք զինծառայող: Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է Չուքուրջիի շրջանում ավիացիոն գործողության մասին, որի ժամանակ հարվածներ են հացվել ՔԱԿ թիրախներին, որից 2-ը խոցվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օգոստոսի 18-ին 3 մարդ էր զոհվել և ավելի քան 70-ը վիրավորվել Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Տեղական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստները:

Օգոստոսի 1-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի համանուն քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին պայթել է «Քուրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) զինյալների կողմից ռումբերով բեռնված մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 6 ոստիկան, 3 հոգի էլ վիրավորվել է:

Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել: