Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը մեծ է համարում երկրում նոր ահաբեկչությունների իրականացման հավանականությունը: Մոլենսը կարծում է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի թուլացման պատճառով Ֆրանսիա կվերադառնան գրոհայինների շարքերում կռված քաղաքացիները:
«Մի օր մենք այդպիսի մարդկանց ներհոսքի փաստի առջև կկանգնենք Ֆրանսիայում, իրենց ընտանիքների հետ»,-զգուշացրել է դատախազը:
Մեկ այլ վտանգավոր պահ է ըստ Մոլենսի իսլամիստների աճող քարոզչությունը ֆրանսիացի երիտասարդների շրջանում, որն իրականացվում է սոցցանցերի միջոցով: Որպես օրինակ նա մատնանշել է համացանցում ավելացած դեռահաս աղջիկների պրոֆիլները, որտեղ շարադրված են ահաբեկչական գրոհների խորամանկ ծրագրեր, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալների, այժմ Սիրիայի տարածքում և Իրաքում գրոհայինների շարքերում Ֆրանսիայի մոտ 700 քաղաքացի կա: Ինչպես օգոստոսի 23-ին հայտարարել է ՆԳ նախարար Բերնար Կազնյովը, միայն մեկ ամսում հատուկ ծառայությունները ձերբակալել են 7 անձի ահաբեկչության մեղսակցության կասկածանքով:
Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:






