Սեպտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Վան գավառի Թենդյուրեք շրջանում զինված բախումների հետևանքով սպանվել է 8 թուրք զինծառայող և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 11 անդամ: Այդ մասին ասվում է Վանի վարչակազմի հաղորդագրության մեջ:
«Թենդյուրեքի շրջանում անջատողական ՔԱԿ անդամների հետ բախման հետևանքով սեպտեմբերի 2-ին զոհվել է 3 սպա և 5 ենթասպա, 8 զինվորական վիրավորվել է: Ոչնչացվել է 11 զինյալ: Մարտական ավիացիայի մասնակցությամբ գործողությունը շարունակվում է»,-ասվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 2-ին փոխհրաձգություն է տեղի ունեցել Թուրքիայի հարավարևելյան Հաքքյարի գավառի Չուքուրջի շրջանում, որի հետևանքով 1 թուրք զինծառայող է զոհվել և Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 20 զինյալ:
Օգոստոսի 18-ին 3 մարդ էր զոհվել և ավելի քան 70-ը վիրավորվել Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Տեղական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստները:
Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:






