AM
19 Սեպտեմբեր 2016 - 06:53 AMT

Ընդդիմության ցույցը Բաքվում. Ալիևը կարծում է, թե կարող է երկրորդ Հյուսիսային Կորեա ստեղծել

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության աջակիցները սեպտեմբերի 18-ին Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում արտոնված հանրահավաք են անցկացրել, որը կայացել է «Կեցցե Հանրապետությունը» կարգախոսի ներքո և ուղղված է եղել Սահմանադրությունում փոփոխությունների ընդունման դեմ, որոնք հանրաքվեի են դրվել սեպտեմբերի 26-ին: Contact.az-ը գրում է, որ ակցիային մասնակցել է մոտ 2 հազար մարդ:

Իր ելույթում «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլին հայտարարել է, որ Ալիևը պետք է ամաչի խնայողությունները մանաթով պահելու իր կոչերից:

«Իլհամ Ալիևը մոռացել է իր խոստումները, որ Ադրբեջանը նավթի գների անկման պատճառով խնդիրներ չի ունենալու»,- հավելել է նա՝նշելով, որ Ալիևի տնտեսական քաղաքականության ձախողումը ցույց է տվել, որ նա ոչ կոմպետենտ մարդ է։

Նա նշել է, որ հրաժարվելով բարեփոխումներից և ընդդիմության հետ երկխոսությունից՝ իշխանությունները փաստացիորեն իրենց համար դատավճիռ են կայացրել, քանի որ անհնար է լինելու ոստիկանության ուժով անվերջ զավթած պահել իշխանությունը:

«Նրանք անգամ ի վիճակի չեն բացատրել իրենց քաղաքացիներին, թե ինչի համար են հարկավոր այդ փոփոխությունները: Մինչ այժմ ոչ մեկ բացատրություն չի տվել այդ մասին: Իշխանությունները կորցրել են իրավիճակն ադեկվատ գնահատելու հնարավորությունըկարողությունը և կարծում են, թե այստեղ կարելի է երկրորդ Հյուսիսային Կորեա ստեղծել և իշխել այդ ոճով»,- ասել է նա:

«Նույն վիճակն է նաև քաղաքական համակարգում, որտեղ բացակայում է ոչ միայն ռազմավարությունը, այլև տեղի ունեցող գործընթացների պարզագույն գիտակցումը»,- ասել է նա:

Արիֆ Հաջիլին կոչ է արել սեպտեմբերի 24-ին ընդդիմադիր բոլոր ուժերի համատեղ հանրահավաք անցկացնել:

Ընդդիմադիր գործիչ Ռուսլան Իզաթլին էլ իր ելույթում հայտնել է շրջաններում ընդդիմության ակտիվիստների բազմաթիվ ձերբակալությունների մասին, որոնք փորձել են գալ Բաքու՝ ցույցին մասնակցելու։

Ադրբեջանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները, ըստ վերլուծաբանների, ընդարձակում են Ադրբեջանի ղեկավարի առանց այն էլ լայն լիազորությունները, դրանց ընդունման դեպքում նախագահը կիշխի յոթ տարի, ներկայիս հինգի փոխարեն, կկարողանա միանձնյա լուծարել խորհրդարանը, եթե օրենսդիրները մեկ տարվա ընթացքում երկու անգամ անվստահություն հայտնեն կառավարությանը։ Բացի այդ, առաջարկվում է երկրի նախագահ դառնալու համար սահմանված տարիքային շեմը չեղարկել, պատգամավոր դառնալու շեմն էլ 25-ից հասցնել մինչև 18 տարվա, ըստ այդմ, եթե այս փոփոխություններն ընդունվեն Ադրբեջանի չափահաս բոլոր քաղաքացիները կարող են առաջադրվել թե՛ նախագահի, թե՛ Միլի մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարանի) պատգամավորի պաշտոնում։

Վերլուծաբանները, սակայն, վստահ են իրականում այս ամենն արվում է հանուն մեկ քաղաքացու՝ 19-ամկա կրտսեր Ալիևի, որը ներկայումս սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայում։ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ներկայիս ժամկետը սպառվում է 2018 թվականին։