Հալեպի արվարձանում գնդակոծության տակ է ընկել հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունը, որը մեկնում էր դեպի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններ: Շարասյունը պատկանում էր ՄԱԿ-ին և Կարմիր մահիկի սիրիական բաժանմունքին:
Ըստ սիրիական հակակառավարական ակտիվիստների և Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, հարվածը հասցրել են սիրիական կամ ռուսական ինքնաթիռները:
Ըստ չհաստատված տվյալների, ավիահարվածից զոհվել է 12 մարդ, հայտնում է BBC-ին: Ըստ ՄԱԿ ներկայացուցչի, 31 բեռնատարից առնվազն 18-ը վնասվել է:
Ըստ սիրիական Կարմիր մահիկի հայտարարության, ավտոմեքենաները հումանիտար օգնություն էին տանում Հալեպից ապստամբների ձեռքում գտնվող գյուղական շրջաններ: Սոցցանցերում հայտնվել են հրկիզված բեռնատարների լուսանկարները:
ԱՄՆ-ն իր վրդովմունքն է հայտնել հումանիտար շարասյանը հարվածելու վերաբերյալ և հայտարարել է, որ պատրաստ է վերանայել ապագա գործակցությունը ՌԴ հետ Սիրիայի գծով: Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին կատարվածը համարել է «հրադադարի մասին պայմանավորվածության աղաղակող խախտում»:
Սեպտեմբերի 19-ին Բաշար Ասադի ուժերը հայտարարեցին հրադադարի շուրջ համաձայնությունից դուրս գալու մասին, որից մի քանի ժամ անց ընդդիմության կողմից գրավված Հալեպի թաղամասերը ռմբակոծվեցին: ՌԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԱՄՆ և նրանց կոալիցիայի կողմից Սիրիայի կառավարական ուժերի ռմբակոծումը սեպտեմբերի 17-ին հարվածի տակ դրեց հրադադարի մասին համաձայնությունը:
Հրադադարը Սիրիայում հաստատվել էր սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկեց մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը սահմանվել է ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և տևելու 10 օր, որին պետք է հաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:






