AM
20 Սեպտեմբեր 2016 - 09:46 AMT

Նիսի ահաբեկչի շրջապատից 8 մարդ է ձերբակալվել

8 մարդ է ձերբակալվել ահաբեկիչ Մոհամեդ Լահուաեջ Բուհլելի շրջապատից, որն իրագործել էր Նիսի ահաբեկչությունը հուլիսի 14-ին: Նրանք ձերբակալվել են սեպտեմբերի լույս 20-ի գիշերը:

«Այդ մարդիկ շփվել են ահաբեկչի հետ: Ստուգում է իրականացվում, նրանք ձերբակալվել են: Նրանք բացառապես տղամարդիկ են, ազգությամբ ֆրանսիացիներ և թունիսցիներ»,-մեջբերել է AFP գործակալությունն իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ձերբակալություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի հարավ-արևելքում` Մերձափնյա Ալպերի դեպարտամենտում: Նիսն այդ դեպարտամենտի կենտրոնն է:

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 մարդ վիրավորվեց:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:Նիսում ահաբեկչության զոհերի թվում նաև ՀՀ քաղաքացի կա: