AM
22 Սեպտեմբեր 2016 - 09:14 AMT

Բայդենը զգուշացրել է Կիևին` ՌԴ դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել

Ուկրաինան պետք է կատարի քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու խոստումը, հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է չեղարկել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

«Մենք գիտենք, որ եթե նրանք առիթ տան ԵՄ-ին, կա առնվազն 5 երկիր, որոնք հենց հիմա պատրաստ են ասել, որ «չեն ցանկանում մասնակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին»,-ասել է Բայդենը Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթի ժամանակ:

Ըստ Բայդենի, նա ճգնաժամի մեկնարկից ի վեր ամեն շաբաթ 2-3 ժամ զրուցում է հեռախոսով Ուկրաինայի ղեկավարության հետ` կոչ անելով բարեփոխումներ անցկացնել, իսկ Գերմանիային, Ֆրանսիային և Իտալիային համոզում է պահպանել պատժամիջոցները, հայտնում է BBC-ին:

Ավելի վաղ Ջո Բայդենը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային վարկային երաշխիքներ տալ 1 մլրդ դոլարի չափով:

ԱՄՆ-ն և ԱՄՀ-ն ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային` քաղաքական և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար, որոնց իրականացումը, սակայն, մշտապես հետաձգվում է: