Թուրքիայի հարավային Մարդին գավառում սեպտեմբերի 26-ին պայթյուն է տեղի ունեցել ռազմական շարասյան ճանապարհին: Վիրավորվել է ավելի քան 11 թուրք զինծառայող, գրում է Trend-ը Sabah-ի վրա հղումով:
Ասվում է, որ պայթյունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները:
Միջադեպից հետո Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները գործողություն են սկսել ՔԱԿ գրոհայինների դեմ
Նույն օրը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները բեռնատար գնացք են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում` Վանի գավառում: Ռումբի պայթյունի հետևանքով 1 մարդ վիրավորվել է:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։






