Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է հետազոտության արդյունքները, որոնց համաձայն մոլորակի 10 բնակչից 9-ը չափազանց աղտոտված օդով շրջաններում է ապրում: ԱՀԿ-ն զգուշացնում է այս առումով «արտակարգ իրավիճակի» մասին:
«Օդի աղտոտման աստիճանն աճում է սպառնալից արագությամբ` ազդելով էկոնոմիկայի և մարդկանց կյանքի որակի վրա: Սա արտակարգ իրավիճակ է առողջապահության համար»,-ասվում է ԱՀԿ զեկույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կազմակերպությունն աշխարհի հատուկ ինտերակտիվ քարտեզ է ստեղծել, հիմնված օդի մաքրության չափումների վրա:
Վնասակար մասնիկների առկայությունն օդում չի համապատասխանում ԱՀԿ նորմերին ոչ միայն Չինաստանում և Հդնկաստանում, այլ նաև Եվրոպայի շատ երկրներում, նաև ՌԴ եվրոպական մասում:
2016-ի մայիսին ԱՀԿ-ն եկել է եզրակացության, որ օդի որակը քաղաքներում վատթարանում է, ինչն ավելացնում է հիվանդությունների ռիսկը: Ըստ կազմակերպության տվյալների, Երկրի քաղաքաբնակների ավելի քան 80%-ն ապրում է աղտոտման բարձր մակարդակով շրջաններում:






