Եթե արյունը հաստանում է, առաջանում է տրոմբերի, անոթների խցանման, սրտի և գլխուղեղի կաթվածների տեսքով ծանր հետևանքների հավանականություն: Արյունը մածուցիկ է համարվում, երբ բարձր է հեմատոկրիտը (հեմատոկրիտային թիվը), այսինքն երբ պլազմայի ծավալը նվազում է արյան բջիջների ծավալի համեմատ:
Թանձր արյուն ախտորոշումը բավականին հաճախ է արվում հղիության ժամանակ: Համարվում է, որ հիմնականում դա վտանգ չի ներկայացնում, և արյունը կվերադառնա նորմային ծննդաբերությունից հետո: Բարձր մածուցիկությունը հղիության ժամանակ օրգանիզմի կոմպենսատոր արձագանքն է արյունահոսությունների կանխմանը ծննդաբերության ժամանակ:
Սակայն թանձրության նման փոփոխությունները միշտ չէ, որ անվնաս են: Չեն բացառվում պաթոլոգիկ վիճակներ, դա նշանակում է, որ ռիսկ կա կնոջ և ապագա երեխայի առողջության համար: Որոշելու համար մածուցիկության պատճառը, հղիներին արյան մակարդելիության հետազոտում (կոագուլոգրամա) են նշանակում: Այս համալիր հետազոտությունն առավել ինֆորմատիվ է: Այն օգնում է պարզել, կան արդյոք խախտումներ արյան մակարդելիության համակարգում և արդյոք շտկման կարիք կա:
Թանձրությունը կախված է մի շարք գործոններից: Ամենատարածված պատճառներն են.
– հեմոգլոբինի, թրոմբոցիտների, էրիթրոցիտների մակարդակի բարձրացումը
– արյան բարձր մակարդելիությունը
– ֆերմենտների պակասը
– օրգանիզմի թթվայնացումը
– փայծաղի գերֆունկցիան
– ճառագայթումը
– ջրազրկումը ջրի անբավարար օգտագործման կամ հաստ աղիքի կողմից ջրի վատ յուրացման պատճառով
– վիտամինների և հանքանյութերի պակասը, որոնք մասնակցում են հորմոնների և ֆերմենտների գոյացմանը
– շաքարի և ածխաջրերի գերսպառումը
– ժառանգական գործոնը:
Սովորաբար գերակայում է մեկ պատճառ, որը կարող է ժամանակավոր լինել: Օրինակ, հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում մի շարք ձևափոխումներ են տեղի ունենում և ծանրաբեռնվածությունը կրկնակի անգամ ավելանում է: Եթե ապագա մոր արյունը շատ թանձր է, այն չի կարողանա սահուն ու անարգել անցնել անոթներով և ամբողջությամբ կատարել իր ֆունկցիան, ուստի կարող են տուժել բոլոր ներքին օրգաններն ու հյուսվածքները: Որոշ դեպքերում նման խախտումը բացասաբար է անդրադառնում ապագա մոր ընդհանուր ինքնազգացողության վրա և ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշերը.
– ընդհանուր թուլություն
– գլխացավ, ցրվածություն, հիշողության և ուշադրության կենտրոնացման վատթարացում
– արյան ճնշման բարձրացում
– բերանի չորություն
– վերջույթների սառնություն և թմրածություն
– ծանրության զգացողություն ոտքերում և երակների վարիկոզ լայնացում
– դեպրեսիա և տրամադրության անկում:
Որոշ դեպքերում, պատշաճ բուժման և բուժաշխատողների կողմից հսկողության բացակայության դեպքում, թանձր արյան հետևանքները հղիության ժամանակ կարող են ողբալի լինել: Այդպես, կնոջ սիրտը սկսում է մի քանի անգամ ավելի ինտենսիվ աշխատել, ուստի աճում է տրոմբերի և այնպիսի լուրջ հիվանդությունների առաջացման ռիկսը, ինչպիսիք են սրտի կաթվածն ու ինսուլտը:
Բացի այդ, նման խախտման դեպքում սննդարար նյութերը, մասնավորապես, թթվածինը, ավելի քիչ քանակով են հասնում պտղին: Իսկ նրա կենսագործունեության արտազատումները, հակառակը, անհրաժեշտից ավելի երկար են մնում ընկերքում, քանի որ հղի կնոջ թանձր արյունը չի կարողանում արտազատել դրանք: Այս ամենը կարող է հանգեցնել երեխայի ներարգանդային զարգացման դանդաղեցման, հիպոքսիայի և վաղաժամ ծննդաբերության: Ի՞նչ անել, եթե հղիության ժամանակ արյունը չափազանց թանձր է:
Առաջին հերթին, թանձր արյունը ջրիկացնելու համար հղիության ժամանակ պետք է պահպանել հատուկ սննդակարգ, ինչպես նաև ապահովել բավարար ֆիզիկական ակտիվություն և կանոնավոր զբոսանքներ մաքուր օդին: Հարկավոր է.
-Ամեն օր առնվազն 2 լ մաքուր չգազավորված ջուր խմել
– նվազագույնի հասցնել կարտոֆիլի, հնդկաձավարի, բանանի, քաղցրավենիքի, պահածոների, մարինադների և ապխտած մթերքի օգտագործումը, ինչպես նաև բացառել չափազանց ճարպոտ կերակրատեսակները
-ընդգրկել սննդի մեջ թարմ միրգ ու բանջարեղեն, հատապտուղներ, ինչպես նաև ընկույզ, մեղր, արևածաղկի սերմեր, մածուն, արևածաղկի յուղ, կոճապղպեղ ու սխտոր:
Երբեմն թանձր արյունը ջրիկացնելու համար հղիներին նշանակվում է նաև դեղորայքային բուժում:






