Եթե Սիրիան դառնա ահաբեկիչների նոր հարվածների թիրախը, դրա համար պատասխանատու կլինի ԱՄՆ-ն, որը կասեցրել է ՌԴ հետ համագործակցությունը Սիրիայում, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն կասեցնում է երկկողմ համագործակցությունը ՌԴ հետ Սիրիայի հարցով և թողնում է միայն ռազմական կանալները` կանխելու համար բախումը ՌԴ և ԱՄՆ օդուժի միջև Սիրիայի օդային տարածքում:
«Եթե Սիրիան ամերիկացիների որոշման պատճառով հայտնվի նոր հարվածների թիրախում, մեղավոր կլինի Սպիտակ տունը: Ընտրությունը Վաշինգտոնինն է, որտեղ պետք է սթափ գնահատեն, թե ինչ ապագա են տեսնում Սիրիայի ժողովրդի համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հալեպում կրակի դադարեցման ռեժիմ հայտարարելու մասին Ֆրանսիայի կողմից ներկայացված բանաձևի վրա: ՄԱԿ ԱԽ-ում մշտական անդամություն ունեցող Ռուսաստանը որոշ հարցեր ունի փաստաթղթի վերաբերյալ։ Մասնավորապես, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ նորություն է կրակի դադարեցման մոնիտորինգային խումբ ստեղծելու մասին գաղափարը, սակայն նրա խոսքով, նման մեխանիզմ կա Ժնևում, որն արդյունավետ չի աշխատել։
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:Նշվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:






