Թուրքիայի իշխանությունները 12 801 ոստիկանի են հեռացրել պարտականությունները կատարելուց: Նրանց կասկածում են ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպման մեջ, գրում է Deutsche Welle-ն:
Ոստիկանների դեմ ծառայողական պատժամիջոցներն ընդունվել են նոր հետաքննության շրջանակում, որը սկսել է ՆԳՆ-ն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ամբողջ երկրի տարածքում ժամանակավորապես պաշտոններից հեռացված ոստիկաններից 2523-ը զբաղեցրել են ղեկավար պաշտոններ: Թուրքիայի ոստիկանության ընդհանուր քանակը հասնում է 250.000-ի:
Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:
Անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանություններն արդեն ազատել են աշխատանքից կամ պաշտոններից մոտ 100.000 զինվորականների, ոստիկանների, ուսուցիչների: Մոտ 32.000-ը ձերբակալվել է պետական հեղաշրջմանը մեղսակցություն ունենալու մեղադրանքով:






