Պաշտոնական Բեռլինը շահագրգռված է, որ ԼՂ հակամարտությունը «կարգավորվի և կրկին չբռնկվի»: Այդ մասին հոկտեմբերի 4-ի երեկոյան հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխաել Քինդսգրաբը:
«Գերմանիան ջանքեր է գործադրում վերսկսելու համար կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Մենք մշտական շփման մեջ ենք կողմերից յուրաքնաչյուրի հետ և աշխատում ենք ուղղորդել նրանց նպատակային բանակցությունների, որպեսզի հակամարտությունը հանգուցալուծվի և կրկին չբռնկվի»,-ասել է Քինդսգրաբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները հոկտեմբերի 4-ին հայտարարեցին, որ հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնություն կտան ԼՂ հարցով հաջորդ հանդիպման կազմակերպմանը: Այդ մասին ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:
Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:






