Հոկտեմբերի 7-ին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հանդիսապետությամբ և մասնակցությամբ ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի ունեցավ Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը:
Արարողությունը սկսվել է Տերունական աղոթքով, ապա հնչեցին ՀՀ և Գևորգյան ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` Ճեմարանի կրթական առաջընթացի տեսանկյունից մեծապես կարևորելով այս իրադարձությունը:
Արարողությանը ներկա Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը Ամենայն Հայոց կաթողիկոսին է հանձնել կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված` Գևորգյան ճեմարանում մասնագիտական խորհրդի կազմի տեղեկագիրը, գիտական մասնագիտությունների անվանացանկը և կանոնակարգերը, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:
«Շատ ուրախ եմ, որ կարող եմ մի փոքր նպաստ բերել այս արարողությանը և այս երևույթին: …Կարծում եմ, որ սա կնպաստի Գևորգյան հոգևոր ճեմարանի հետագա գործունեությանը և այն փառքին, որ նախկինում ունեցել է և պետք է ունենա մեր Գևորգյան ճեմարանը», – ասել է ԲՈՀ նախագահը:
Այնուհետև շնորհավորական խոսքով ներկաներին է դիմել կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: ԿԳ նախարարը փաստել է, որ ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհումով ճեմարանը դառնում է միջազգային մակարդակի հաստատություն, որն «Աստվածաբանություն» մասնագիտության մուտքով և մասնագիտական խորհրդի ձևավորմամբ կարևոր առաքելություն ունի իրականացնելու` ներկա աշխարհի պայմաններում` իբրև կրողը Հայոց եկեղեցու դարավոր ժառանգության և արժեքների, իր ներդրումը բերելու աստվածաբանական նորօրյա զարգացումներում:
Մկրտչյանն այս առիթով շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին այն մեծ ուշադրության համար, որ դարձվում է կրթությանը, գիտությանը և հայեցի դաստիարակությանը:
Ցերեկույթի ընթացքում ազգային երգերի կատարմամբ հանդես է եկել Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի:
Արարողությունը եզրափակվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքով:
Արարողությանը ներկա էին Գևորգյան ճեմարանի դասախոսներն ու սաները, այս օրերին Մայր Աթոռում ընթացող «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» միջազգային գիտաժողովի մասնակիցները:






