Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի 4 ընբիշ հանդես կգա ակումբային թիմերի Իրանի առաջնությունում:
Իրանի առաջնության 2-րդ՝ եզրափակիչ փուլը կայանալու է հոկտեմբերի 20-22-ը: Այստեղ մրցապայքարին կավելանա ևս 2 ուժեղագույն թիմ, ու ստուգատեսի մասնակից 10 թիմը կվիճարկի դեկտեմբերի 8-9-ը Բուդապեշտում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությանը մասնակցելու 2 ուղեգիրը:
Այսպիսով ակումբային թիմերի 2016 թ Իրանի առաջնության 2-րդ՝ եզրափակիչ փուլին ՀՀ ազգային հավաքականի միանգամից 4 ըմբիշ է մասնակցելու՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
ՀՀ առաջատար ըմբիշները ժամանակ առ ժամանակ իրենց ուժերն են փորձում մարզաձևում հարուստ ավանդույթներ ունեցող երկրների ակումբային թիմերի առաջնություններում:
Մասնավորապես, 2015-ին նրանք մասնակցել են Գերմանիայի բունդեսլիգայի և Հնդկաստանի ակումբային թիմերի առաջնություններում: Ընթացիկ մրցաշրջանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային ընտրանու առաջատար ըմբիշներից երկուսը՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2016 թ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 2016-ի Եվրոպայի չեմպիոն, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Իզե քաղաքի «Սինեն Սանթ» թիմի կազմում մասնակցեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի Իրանի առաջնության 1-ին փուլի հանդիպումներին:






