AM
24 Հոկտեմբեր 2016 - 11:07 AMT

Իրաքը ժխտում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը

Բաղդադը հայտարարել է, որ Թուրքիան չի մասնակցում «Իսլամական պետության» զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությանը: Այդ մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը Իրաքի ԶՈւ պաշտոնական ներկայացուցչի վրա հղումով:

«Մենք վճռականորեն ժխտում ենք Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրման գործողությանը»,-հայտարարել է իրաքյան բանակի միավորված հրամանատարության մամուլի քարտուղարը, գրում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի թուրքական բանակի հրետանին գնդակոծում է ԻՊ դիրքերը իրաքյան Մոսուլի մատույցներում քրդական «փեշմերգա» զինված կազմավորումների խնդրանքով:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: